ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երաժիշտը պետք է հանգիստ լինի համերգից առաջ, սակայն պետք է ունենա նաև որոշակի անհանգստություն»

«Երաժիշտը պետք է  հանգիստ լինի համերգից առաջ, սակայն պետք է ունենա նաև որոշակի անհանգստություն»
20.11.2012 | 12:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) և դաշնակահար ՅԱՆ ԼԻՇԵՑԿՈՒ համատեղ համերգը: Հնչեցին Ռոբերտ Շումանի Դաշնամուրային կոնցերտը և Դմիտրի Շոստակովիչի Թիվ 10 սիմֆոնիան:
Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համերգի գաղափարը ծնվել է մեկ տարի առաջ` իր և Լիշեցկու լոնդոնյան հանդիպման ժամանակ: Լիշեցկին հաճույքով ընդունել է Հայաստան գալու հրավերը, բայց համերգի անցկացման հստակ ժամկետը որոշելու համար բանակցել են շուրջ մեկ տարի:
«Մենք խոսում ենք մի երաժշտի մասին, որ 17 տարեկան է, բայց արդեն շատ կայացած է, նվագում է լավագույն նվագախմբերի, լավագույն դիրիժորների հետ: Հայաստանյան համերգից անմիջապես հետո մեկնելու է հյուրախաղերի: Մի երաժշտի, ով բոլորովին վերջերս «Դոյչեգրամոֆոն» ձայնագրման ստուդիայի հետ կնքել է բացառիկ պայմանագիր»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:
17-ամյա երաժիշտը հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի, BBC-ի սիմֆոնիկ, Լայպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի «Մետրոպոլիտեն» և այլ հանրահայտ նվագախմբերը:
«Առաջին անգամ եմ Հայաստանում: Երջանիկ եմ, որ այստեղ եմ: Միշտ հետաքրքիր է տարբեր երկրներ այցելելը, տարբեր մարդկանց տեսնելը: Երևանը ֆանտաստիկ քաղաք է»,- ասաց Յան Լիշեցկին: Հարցին` համերգից առաջ ունի՞ որոշակի լարվածություն, երաժիշտը պատասխանեց, որ համերգից առաջ ավելի շատ ոգևորված է, կա նաև պատասխանատվության զգացում, որ հանդիսատեսը գոհ մնա համերգից: «Երաժիշտը պետք է հանգիստ լինի համերգից առաջ, սակայն պետք է ունենա նաև որոշակի անհանգստություն»,- ասաց նա: Խոսելով ժամանակակից դասական երաժշտության մասին, նշեց, որ պետք է պահպանել բալանսը. եթե համերգի ընթացքում միայն մոդեռն երաժշտությունը հնչի, հանդիսատեսին այդքան էլ հետաքրքիր չի լինի, որովհետև նրանց դա ծանոթ չէ: Կոմպոզիտորները, որոնց գործերը միշտ կատարում է, շատ են` Շոպեն, Բեթհովեն, Մոցարտ, մեծ ցանկ կարող է ներկայացնել: Իսկ եթե առանձնացնի մեկին, որ շատ բարդ է, ապա կառանձնացնի Բախին:
Յանը ասաց նաև, որ նվագել սկսել է 5 տարեկանից: «Ամեն ինչ այնքան բնական է ստացվել իմ կյանքում, ես ոչինչ հատուկ չեմ արել»,- ասաց նա:

Ստորև ներկայացնում ենք ՅԱՆ ԼԻՇԵՑԿՈՒ` «Իրատես de facto»-ի հարցերին տված պատասխանները:
-Ծանո՞թ եք հայ դասական երաժշտությանը և Ձեր համերգային ծրագրերում հնարավո՞ր է ընդգրկվի նաև հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:
-Իհարկե, ծանոթ եմ: Շատ ճանաչված կոմպոզիտոր է Արամ Խաչատրյանը, և ընդհանրապես, ինչպե՞ս կարելի է չսիրել հայկական երաժշտությունը:
Կոնկրետ հայ ժամանակակից կոմպոզիտորներից առաջարկներ չեն եղել: Դեռ 17 տարեկան եմ, շատ աշխատանքներ կան, որ ուզում եմ ներառել իմ համերգացանկում, բայց ավելի ուշ:
(Սերգեյ Սմբատյանն իր հերթին կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ Յանը խոսք է տվել սովորել Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը և հաջորդ անգամ, երբ այցելի Հայաստան, կներկայացնի այդ նոր ծրագիրը: Յանը համաձայնեց- Ա.Ս.):
-Հանդիսատեսի շրջանում ի՞նչ թիվ են կազմում երիտասարդները: Ընդունված է ասել, որ փոփ երաժշտությունն ավելի մեծ մասսայականություն ունի:
-Դասական երաժշտություն քիչ են լսում, որովհետև դեռահասը, երբ որևէ երաժշտություն է լսում, ստիպում է, որ իր ընկերներն էլ լսեն, այսինքն, եթե մեկը լսում է որոշակի տեսակի երաժշտություն, մյուսները նույնպես այդ նույն երաժշտությունն են լսում: Հպարտորեն կարող եմ ասել, որ իմ համերգներին շատ երիտասարդներ կան, ինչի համար որոշակի աշխատանք է տարվում: Կրթական համերգներ, տարբեր ակցիաներ ենք կազմակերպում, օրինակ` «Նվագել դպրոցներում» և այլն:
-Կա՞ն ժամանակակից դասական երաժիշտներ, որ կառանձնացնեիք:
-Հիմա կան շատ կանադացի կոմպոզիտորներ: Բավականին լավ գործեր ունեն նրանք:
-Ինքներդ ստեղծագործո՞ւմ եք:
-Ես փորձել եմ մի քանի անգամ ստեղծագործել` հասկանալու համար, թե ինչպես է կոմպոզիտորի ուղեղը աշխատում, երբ նա ստեղծագործում է: Դա օգնում է ավելի լավ պատկերացնելու և ընկալելու երաժշտական տարբեր ստեղծագործությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ